«Եթե իրավիճակը դիտարկենք ֆինանսական տեսանկյունից, հատկապես պարզ կդառնա, որ ՈՒկրաինան չի կարող տնտեսապես մրցակցել Ռուսաստանի հետ։ Սակայն մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Եվրոպան օգնություն է տրամադրում։ Ես չեմ կարծում, որ Եվրոպան կարող է հավերժ տնտեսական օգնություն տրամադրել ՈՒկրաինային»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։               
 

«Հայր Արամ» օպերացիան. իշխանության հերթական հարվածը Եկեղեցուն

«Հայր Արամ» օպերացիան. իշխանության հերթական հարվածը Եկեղեցուն
23.09.2025 | 11:45

Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները, կապված Սուրբ Հովհաննավանք վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի հայտարարությունների հետ, առաջին հայացքից կարող են թվալ որպես երիտասարդ մի հոգևորականի անհասուն կամ նույնիսկ զգացմունքային քայլ։ Սակայն եթե փորձենք ամբողջացնել խճանկարը և միավորել Հայաստանում իշխանությունը զավթած այս դիվային խմբակի վերջին քայլերն ու հռետորաբանությունը, ապա պարզ կդառնա, որ այստեղ գործ ունենք ոչ թե պատահական դրվագի, այլ համակարգված ծրագրի հետ։

Քայլերի տրամաբանությունը

1. Վարչախմբի ուղերձը Կաթողիկոսական ընտրության վերաբերյալ։

Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Վեհափառին պետք է ժամանակավորապես փոխարինի ամուսնացյալ քահանա մինչև նոր ընտրությունները, ակնհայտորեն իշխանական ուղերձ էր․ եկեղեցու ներքին կանոնները շրջանցելով՝ քաղաքական իշխանությունը փորձում է ունենալ հնազանդ Կաթողիկոս։

2. Տեր Արամ Ասատրյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությունում։

Հանրայինը՝ որպես իշխանական վերահսկողության տակ գտնվող հարթակ, պատահականորեն չի տրամադրում եթեր այնպիսի խոսքի, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն խոցում է Եկեղեցու վեհապետական համակարգը։ Այսպիսով՝ Տեր Արամի հնչեցրած արտահայտությունները պետք է դիտարկել ոչ թե որպես անձնական դիրքորոշում, այլ իշխանական գծի մաս։

3. Ֆեյքերի ֆաբրիկայի գրոհը եպիսկոպոսաց դասի վրա։

Տեր Արամի հայտարարություններից անմիջապես հետո, սոցցանցերում ակտիվացավ Նիկոլ Փաշինյանի քարոզչական «ֆեյքերի բանակը», որն սկսեց թիրախավորել եպիսկոպոսներին։ Սա ևս մեկ փաստարկ է այն մասին, որ գործողությունն ուներ նախապես ծրագրված բնույթ։

4. ՔՊ համագումարի և դրան հաջորդած ճեպազրույցի ուղերձները։

Սաղմոսերգուի վերջին ելույթներում կրկին ակնհայտ էր Եկեղեցու ինստիտուտը թուլացնելու քաղաքական գիծը՝ Եկեղեցուն ներկայացնելով իբրև խանգարող, ապազգային, իսկ իր վարչախմբին՝ իբրև «ժողովրդի կամքի իրականացնող»։

5. Եկեղեցու ազդեցիկ հոգևորականների՝ Միքայել և Բագրատ սրբազանների բանտարկությունը։

Սրանք սոսկ իրավական քայլեր չէին․ դրանք քաղաքական մեկուսացման միջոցներ էին՝ զրկելու Հայոց Եկեղեցու ամենաազդեցիկ դեմքերին հանրային խոսքի հնարավորությունից։

Այս ամենը միասին ցույց է տալիս, որ գործ ունենք «հայր Արամ» օպերացիայի հետ՝ իշխանության հերթական փորձը խարխլելու Եկեղեցու հիմքերը, պառակտելու հոգևորական դասը և վերահսկելի դարձնելու Հայոց Եկեղեցու առաջնորդությունը։ Սա ոչ թե մեկ անձի քայլ է, այլ ամբողջական ռազմավարություն։

Նպատակը պարզ է․

* Եկեղեցին զրկել ինքնուրույնությունից,

* թուլացնել նրա ավանդական ազդեցությունը հասարակության մեջ,

* կազմակերպել Կաթողիկոսի ապօրինի ընտրություններ և Եկեղեցու ղեկավարությունը դարձնել իշխանության կամակատար։

Հայոց Եկեղեցին դարեր շարունակ եղել է ազգային ինքնության հիմքը։ Երբ պետականություն չի եղել, Եկեղեցին է եղել պետականության փոխարինողը։ Այսօր, երբ պետականությունն ինքն է վտանգված, Եկեղեցուն թուլացնելը ոչ միայն ներսից պառակտում է առաջացնում, այլև մեր ազգային դիմադրողականության կորստի վտանգ է ստեղծում։

Ժողովուրդ ջան, սա հերթական քաղաքական ինտրիգը չէ․ սա ազգային անվտանգության հարց է։ Չպետք է տրվել այդ հոգևորականի անմեղ կերպարի պատրանքին։ Հայր Արամի քայլը, անկախ իր անձի նկատմամբ ձեր վերաբերմունքից, ծառայում է իշխանական մեծ ծրագրին։

Այսօր մեր պարտքն է ամուր կանգնել մեր Եկեղեցու կողքին՝ Վեհափառի գլխավորությամբ, պաշտպանել մեր սրբազան ինստիտուտները և չդառնալ սաղմոսերգուի և իր վարչախմբի հերթական ինտրիգի զոհը։

Զգոն եղեք և չխաբվեք։

Արթուր ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հ․Գ․

Արթուր Վարդանյանն իր քաղաքական հայացքների համար դատապարտվել է ազատազրկման:

Դիտվել է՝ 238

Մեկնաբանություններ